«Պատերազմը պլանավորվել է Թուրքիայում. առաջին հարվածով նպատակ կար…». Վաղարշակ Հարությունյան

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ 168.am-ը ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանին հիշեցրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա  միացյալ  տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման պայմանագրի մասին և փորձեց թույլատրելի սահմանում պարզել՝ արդյո՞ք ինչ-որ բան  արվում  է դրա շրջանակում ՀՀ օդային սահմանի պաշտպանության ուղղությամբ:

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեմ ցանկանում փակագծեր բացել: Բայց պետք է ընդհանրական ասել, որ այն բոլոր միջոցառումները, որոնք համաձայնագրի շրջանակում նախատեսված են առ այսօր, կատարված են ամբողջ ծավալով, և աշխատանքները շարունակվում են»,- նշեց նա: Թե որքանով այսօր կարող ենք  պաշտպանված համարել ՀՀ-ի և Արցախի օդային տարածքը: Ի դեպ, 2016-ին Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն «օդը փակելու» միջոցներ էր առաջարկում՝ «անձրևանոցային» տարբերակ, և այլն:

Հանդիպմանը ներկա ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանն արձագանքեց՝ ամենալավ պատասխանը ռազմական գործողություններն են և դրա արդյունքները:Գարիկ Մովսեսյանը հիշեցրեց, որ 18 օրվա մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը խոցել է Ադրբեջանի օդային հարձակման ավելի քան 180 միջոց, այդ թվում՝ 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ և տարբեր բնույթի ԱԹՍ-ներ:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի պահվածքին մարտական գործողությունների համատեքստում, և, թե որքանով  արդյունավետ կլինի զինադադարի կամ հրադադարի հաստատման գործում ռազմական գործիչների կողմից նման պատասխանատվություն ստանձնելու հանգամանքը՝ ի դեմս ՌԴ ՊՆ Շոյգուի, Վաղարշակ Հարությունյանը հատկանշեց, որ հակամարտության ընթացքում Ադրբեջանը միշտ ինքն է դիմել զինադադարի հաստատման հարցով:

«Դա կլինի 1992-ին, 93-ին, երկու անգամ  94-ին՝ փետրվարի 18-ին և մայիսի 16-ին: Եվ ինքը դիմելով, որ համաձայնում են և ստորագրում փաստաթուղթ, դրանից հետո Ադրբեջանը կոպիտ ձևով խախտում է այդ զինադադարի պայմանագրերը: Նույնը տեղի ունեցավ հիմա: Եթե մենք վերցնում ենք 2015-ին շփման գծում գործողությունները, բազմաթիվ անգամ խախտել է, 2016-ին ապրիլյան գործողությունները հիշենք, դարձյալ խախտել է, 2020-ին՝ նույնպես: Ադրբեջանը միշտ խախտում է, և դա հիմնավորում է նրանով, թե հոգնել են սպասելուց՝ հաշվի չառնելով, որ իրենց վրա մի շարք միջազգային պարտավորություններ են վերցրել՝ զինադադարի պայմանագիր, ԵԱՀԿ շրջանակներում, նաև Անվտանգության խորհրդի:

Փաստաթղթերի հիմնական իմաստն այն է, որ հարցը պիտի լուծվի խաղաղ ճանապարհով՝ առանց ուժի գործադրման»,- շեշտեց Հարությունյանը՝ հավելելով, որ 2020-ի հրադադարը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջամտությամբ կնքված, գործնականում չի կատարվել, և, որ հայկական կողմին պարզ է, թե թուրք-ադրբեջանական դաշինքն ինչպես է փորձում դա օգտագործել, ինչին հայկական կողմը պատրաստ է՝ միաժամանակ կողմնակից լինելով հրադադարին:

Իսկ թե 18 օր անց ի՞նչ ցույց տվեց պատերազմը, ինչի՞ ենք հասել մենք, ինչի՞ է հասել թուրք-ադրբեջանական տանդեմը, և ի՞նչ հետևություններ պիտի անի հայկական կողմը, Վաղարշակ Հարությունյանը նշեց՝ պատերազմը ցույց տվեց, որ գործ ունենք  թուրք-ադրբեջանական-միջազգային տեռորիզմ եռակողմ դաշինքի հետ:

«Առաջին հարվածով նպատակ կար ճեղքել  պաշտպանական գիծը մի քանի ուղղություններով՝ հարավային և հյուսիսային: Մասնավորապես, հարավային ուղղությամբ նրանք փորձում էին կտրել Իրանի սահմանը՝ Ղարաբաղի մասով, և հասնել Մեղրիի սահմանին: Երկրորդ ուղղությունը՝ փորձում էին դուրս գալ դեպի Ստեփանակերտ, դեպի Քելբաջար՝ փակելով Լաչինի միջանցքը, և դրանով շրջափակել Արցախը: Դրան չհասան: Ավելին, եթե այսօր նայում ենք, Ադրբեջանը  չի հասել առաջին օրվա իրենց նպատակներին, և հիմա փորձում է իրականացնել, բայց չի հաջողվելու:  Պետք է շատ լավ գիտակցել, որ այս պատերազմը պլանավորվել է Թուրքիայում, հետապնդում է  նրա շահերի՝ նեոօսմանիզմի գաղափարախոսության իրականացում: Այսինքն, Թուրքիան լուծում է իր խնդիրները, ես ասեցի՝ ինչին էր ուղղված հարավային ուղղությամբ հարվածը՝ Իրանը տարանջատել Ղարաբաղից և հասնել Մեղրիի սահմանին և փորձել հետագայում միավորվել Նախիջևանի հետ»,- մանրամասնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան փորձում է բարձրացնել տարածաշրջանում  իր դերակատարությունը:

««Կուլ տալ» ընդհանրապես Ադրբեջանը, և եթե կար բանաձև՝ 2 ազգ, մեկ  պետություն, հիմա կարելի է ասել՝ կա մեկ ազգ, մեկ պետություն»,- ընդգծեց Հարությունյանը: