Իմերեթական խաչապուրի. համեղ բաղադրատոմս

Բաղադրությունը
Կաթ- 1 բաժակ, չոր խմորիչ — 1 ճաշի գդալ, բուսական յուղ- 150 գր. աղ- մի պտղունց, կարագ- 100 գր, մածուն- 500 գր ձու- 1 հատ, ալյուր- 0.8-1կգ, շաքարավազ-մեկ պտղունց

Միջուկի համար
Պանիր (ցանկալի է իմերեթական) -1 կգ, ձու (միայն դեղնուցը) վրան քսելու համար- 1 հատ, ձու- 1-2 հատ (ըստ ցանկության), թթվասեր՝ վրան քսելու համար- 1 ճաշի գդալ, կարագ- 50 գր

Պատրաստման եղանակը
Տաքացնել կաթը, ցանել շաքարավազը և խմորիչը, լցնել մի փոքր բուսական յուղ, լցնել ալյուրը և 15 րոպե դնել տաք տեղում: Դրանից հետո ավելացնել մածունը և ալյուրի մեծ մասը, կոտրել ձուն և հարել: Անհրաժեշտության դեպքում ավելացնել ալյուր: Ավելացնել հալեցված և հովացրած կարագը և աղ: Շարունակել հարել ևս 20 րոպե՝ ժամանակ առ ժամանակ ձեռքերին բուսական յուղ ավելացնելով և այն խմորի վրա տարածելով: Պատրաստի խմորը չպետք է կպչի մատներին: Խմորից գունդ պատրաստել, ցանել ալյուրով, ծածկել սրբիչով և 2 ժամ թողնել տաք տեղում:

Իմերեթական խաչապուրի` 8-10 բաժնի համար
Հունցել և թողնել` հանգստանա ևս 1-1.5 ժամ: Միջուկի համար քերել պանիրը` ըստ ցանկության հարել 1-2 ձու, և ավելացնել փափկեցված կարագը: Պատրաստի խմորը բաժանել ըստ մասնաբաժինների՝ նայած, թե ինչ չափի եք ցանկանում մեկ կտորը լինի:

Մեկ մասնաբաժինը գնդել և բացել, ցանել ալյուր: Քերած պանիրը նույնպես բաժանել ըստ մասնաբաժինների, այնպես, որ բոլոր կտորները հավասարաչափ պանիր ունենան: Պանրից գունդ պատրաստել, դնել խմորի կենտրոնում, խմորի անկյունները հավաքել և քարկապ անել:

Այնուհետև խմորը շրջել և գրդնակել մինչև մեկ սանտիմետր դառնալը: Խաչապուրու վրա քսել ձվի դեղնուցի և թթվասերի խառնուրդը, դնել ափի մեջ և տակը յուղ քսել, պատառաքաղով մի քանի անգամ ծակծկել, իսկ մեջտեղում փոքրիկ անցք բացել:

Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում` 20-25 րոպե: Երբ երեսը վարդագույն դառնա, հանել խաչապուրին և ծածկել սրբիչով: Մատուցել 10 րոպե հետո, երբ պանիրը կպնդանա և չի ծորա կտրելու ժամանակ: