Տե՛ր Աստված, խնդրում ենք, տուր Հայոց ազգիս Քո աստվածային խաղաղությունը․ ԱՂՈԹՔ ՀԱՅ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ 🙏

Տե՛ր Աստված, խնդրում ենք, տուր Հայոց ազգիս Քո աստվածային խաղաղությունը, առաքի՛ր քո Սուրբ Հոգին, որպեսզի ողջ ժողովրդիս սրտի մեջ հեղի սիրո և միաբանության շնորհը։ Բազումողորմ Տեր, գթա՛ ցրված հոտիդ և մի՛ թող տանջվել անմիաբան հոգով։

Տե՛ր Աստված մեր, ամեն ժամ զորավիգ և օգնակա՛ն եղիր ազգիս՝ տանը և ճանապարհին, ծովում և ցամաքում, առնելիս և տալիս, վարելիս և վաստակելիս և հաջողիր բոլոր բարի գործերում։

Տե՛ր Աստված մեր, շնորհի՛ր նաև ազգիս առաջնորդներին բարեպաշտություն և միմյանց հանդեպ սեր, մղի՛ր նրանց աղքատ տնանկների հանդեպ գթության, խնամածության և ողջ հասարակության հանդեպ օժանդակության։

Նաև, ողորմած Աստված, հեռացրո՛ւ ցասումը և պատուհասը ողջ ազգից և գավառներից, ինչպես նաև բոլորի տներից և ողջ հայոց աշխարհից։ Փրկի՛ր չար պատահարներից և ձախորդություններից, հիվանդություններից, սովից, սրից, տարաժամ մահից, և այլ վշտաբեր պատահարներից, որոնք մեզ վրա են գալիս մեր մեղքերի պատճառով։

Ցո՛ւյց տուր բոլորին, որ Դու ես Տեր և Աստված և Քեզ հուսացողներին իսպառ չես թողնում, որի համար ամեն ինչում և ամենքից Քեզ փառք, պատիվ և երկրպագություն անբաժանելի և միասնական Սուրբ Երրորդությանդ, այժմ և հավիտյանս․ Ամեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՂՈԹՔԸ